Thursday, April 05, 2012

Մետաքսե։ Գաղտնիք չի մնում

Լվացքդ սիրուդ նման փոքրացել, դարձել է մի բուռ,

Եվ սի՛րտդ է տաշտիդ նման փոքրացել,
Դու թաքցնում ես խնամքով, իմ քույր,
Բայց ինձ հավատա՛,
Որ ես քո փռած լվացքներից եմ միայն զգացել,
Որ տանդ վաղուց տղամարդ չկա...
Ամեն տան լվացք ունի յուրովի կենսագրություն,
Որին նայելիս զգում ես իսկույն,
Թե ինչ մարդիկ են ապրում այդ տան մեջ,
Ի՞նչ ճաշակ ունեն,
Ունեն ի՞նչ տարիք եւ անգամ ի՞նչ սեռ...
Ձեր պատշգամբից ձգվող պարանին
Չես փռում արդեն դու տղամարդու վերնաշապիկներ,
Տնազգեստներ, տաբատ չես փռում,
Ու նայողներին լվացքդ անքեն
Մատնում է, ավա՜ղ, այրիանալուդ
Տիրությունն անտեր...
Ամրակալների փայտե մատները սիրտդ կսմթում,
Ցավով են սեղմում ապրածիդ թերին,
Քամին մարում է ճերմակեղենի լույսերը տրտում,
Նրանց փեշերով իրիկնամուտը ծեփում պատերին:
Ննջազգեստդ փաղաքշանքի կորստից սմքել,
Կառչել է ահա Օրերին կապող միակ պարանից,
Զեփյուռը կռվում քղանցքը նախշող ծաղկանց հետ  գունատ,
Թերթիկների մեջ սփռում է թախիծ...
Շրջազգե՛ստդ, շրջազգե՛ստդ հողմից ցնորվել,
Մենավոր հովից խելագարվում է տանդ պարանին:
Ախ, հիմա ինչքա՛ն
Խելագարներ կան,
Որ բախտի քամուց իրենց կորցրել,
Խփվում են այսպես կյանքի պատերին…

No comments: