Thursday, November 11, 2010

Լեւոն Շանթ: Ինչու

«Ինչու՞ կը գրես» հարց կուտան ինծի.
ու ես զարմացած կը նայիմ իրենց:

Ինչու՞ կը գոռա թափովն առյուծի
ալեկոծ ծովը խոժոռ ժայռին մերձ.
կամ հեզամրմունջ վտակը ինչու՞
իր թարմ կարկաչը կոլըրե անուշ,
երբ անփույթ, կայտառ ու զվարթաչու
առաջ կը գայթի նազանքով քնքուշ.
ո՞վ կը հարցընե եռուն ջրվեժին,
թե ինչու՞ անդուլ կը հանե շառաչ,
մինչ սեպ բարձունքեն անդունդ կը խուժին
փրփուր կոհակներ հորդ ու կաթնալանջ.
իսկ դու՞ն. քու վրադ հարցեր թափեցին,
երբ խուռն հյուսքը խինդ ու կսկիծի
երգի մը փարած սրտեդ դուրս հորդեց:

Բայց կը հարցընեն այդ ինչուն ինծի.
ու ես զարմացած կը նայիմ իրենց:

ԼԵՒՈՆ ՇԱՆԹ, Երկեր, Սովետական  Գրող 1989

No comments: