Wednesday, October 06, 2010

Կարօ Արմենեան: ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆ



Պարպուած ջուրէն
ծովն այս ահաւոր 

քամուած
ու թափուր

ընկղմած
ու քէն


                                 
                  
ինչեր կը ծնին
այս գիժ երկունքէն


ինչեր կը յիշեմ
յանկարծ
ես այսօր

           
                          
անվաւեր տժգոյն ծամածուռ տխեղծ ծուէններ մտքի
             
             որոնք կ՛արթննան

ու կը հալածեն
քեզ կողոպտելով
քեզ կեղեքելով
կծկում առ կծկում
                   


կը փնտռես անուն
կը փնտռես հասցէ
արահետներէն
                
                   կորսուած եսիդ


կապեր կան խրթին
առընչուած ու պինդ

                  
               գերդաստանն այս լուռ  որ կը կրկնուի

                             ծիներն իր անդուլ
                              յղելով հեռուէն
                                   
                                 տեղաւորուելով
                                սաղմնաւորուելով


կրկին ու կրկին

կանգնելով
շեմիդ






որու՞ն երեխան հասած է այսպէս
ովքե՞ր թաղուեցան մինչեւ Մեսքենէ

որու՞ն աչքերն են
որու՞ն է քաշեր








Ահաւասիկ ես
որ վերստին կը յայտնուիմ ձեր կասկածոտ ու պաղ խցիկին առջեւ
եւ կ՛ուզեմ որ ճանչնաք զիս


կÿուզեմ որ հասկնաք թէ երկար էր այս ճամբան ու դարձդարձիկ
կÿուզեմ որ գիտնաք իմ ինքնութիւնս իմ քայլերէս
առանց դոյզն այլեւայլի


մի նայիք իմ երեսիս
այդպէս ապուշ
ու կորսուած


փաստաթուղթը զոր դրած եմ ձեր առջեւ
           ստուգման չի կարօտիր
       


անստոյգ է ամէն բան


ծնընդավայրը իմս չէ
ազգութիւնը սխալ է գրուած
անուն մականուն աղաւաղուած են վաղուց
               ձեր յօրինած բոլոր անճոռնի տառադարձութիւններով



էութեամբ եւ տառով սխալ է ամէն բան որ գրուած է



հաւատացէք դեռ չգրուածին
հաւատացէք անգիր ու մերկ իրողութեան որ այս առաւօտ
         ահա կեցեր է ձեր առջեւ
                        եւ կÿըսպասէ աներեւակայելի այն գիւտին
                                   զոր պիտի ընէք

                            հրաշալի ողջմտութեամբ



թելադրուած
ձեր մօրմէն


                                    որ մայրն է ամենայն զգաստութեանց




իմ անունս մի փնտռէք ձեր խառնափնդոր ցանկերուն մէջ
ձեր տոմարները չեն կրնար պարփակել զիս
համակարգերը անզօր են իմ ինքնութիւնս համակարգելու
եզակին եզակի է եւ չունի իր նմանը
ան պիտի ապրի բոլոր ընդունուած չափերէն անդին որպէս խոտոր
համեմատութիւն
առանց օրէնքի եւ օրինաչափութեան
պիտի ապրի իր տարականոն էութիւնը

Աստուծոյ մը պէս


ես հոս եմ
ես հասած եմ հոս
առտուան այս ժամուն
երկինքներէն իջած
կարօտաբաղձ որդիի մը պէս
որ իր հօր պատգամին անսալով

վերագտած է

                           իր տունը


ես ծանօթն եմ եւ անծանօթը
ես հարազատն եմ եւ օտարը
ես անսուտ իրողութիւնն եմ եւ կասկածելին
ես անանունն եմ եւ այն միակ անունը զոր դուք վաղուց կը փնտռէք գիշեր ցերեկ
քուն ու արթուն
հետախուզութեան եւ հակա-հետախուզութեան բոլոր յայտնի
                                                                     
                                                                  զէնքերով
կը փնտռէք հօրմէ որդի
տագնապելով
տրտնջալով

ու մութին մէջ կառչելով յիշողութեան վերջին թելին որ կը հալածէ մեզ երկուքս

                           սադայէլական հանգոյցի մը պէս զոր կը ճգնինք քակել

յաւիտեանս յաւիտենից

հիմա հոս եմ
հիմա կեցած եմ ձեր շեմին


պարզապէս վերցուցէք ձեր գլուխը




                                              եւ ճանչցէք



Ազդակ Գրական, 2010, Թիւ 5-6

No comments: