Saturday, June 26, 2010

Վահան Զանոյեան: Փոթորիկ

Էնքա՜ն նուաղ, էնքա՜ն փխրուն,
Ամենատես նայուածքը քո,
Բխում է յորդ աղբիւրի պէս
Ու ողողում է իմ հոգին
Ամոքում է ջղերս լարուած,
Հոգսերս արթուն,
Պարզաբանում խառնիճաղանճ
Իմ բարդ ու մութ մտքերն թաքուն

Ամենագէտ ժպիտը քո,
Խոցող նետի սլացքով սուր՝
Կայծակի պէս տարածուում է
Մարմնիս բոլոր բջիջներով,
Զինաթափում,
Մերկացնու՛մ է էութիւնս, ջնջում վախերս
Ու անխնա՛յ բնաջնջում
Իմ բազանթիւ դիմակներըս

Ու ջարթուած դիմակներիս
Փշրանքների դէզի ներքոյ՝
Ժպիտն էդ քո
Խնայում է լոկ մի՛ նշոյլ,
Մի երերուն, տժգո՜յն էակ,
Իմ դէմքերից ամենից լուռ ու անկեղծին՝
Սրտիս խորքում, գլուխը կախ՝
Երկչոտ կծկուած, Բանաստե՛ղծին...

Ազատագրո՛ղ համբոյրը քո,
Արարչական պա՛չն էդ հրա՜շք
Արձակում է բանաստեղծին,
Կենդանացնում հոգին մրսած
Մի րոպէյում՝
Ք՛ո արձակած բանաստեղծն է փաթաթուում քեզ
Իմ աչքերով՝
Նա՛ է նայում քո աչքերին՝... ու գերում քեզ

Դու հարց մի՛տուր
Թէ ես ինչու՞ ընդունում եմ միայն քեզնից
Այն ինչ երբեք չեմ ընդունել
Ուրիշ ոչ մի բնավայրից
Իմ անզիջող միտքը ինչու՞
Ներում է բիւր մեղքերը քո
Հանդուրժում է աններելի
Քմայքներն ու ամօթնե՛րն քո

Դու հարց մի՛տուր
Թէ ես ինչու՞ վերադարնում եմ միշտ դէպ քեզ
Որքան էլ որ դառնացնես ինձ,
Հազիւ մեկնած՝ փնտռում եմ քեզ
Ինչու՞ ջարթուած դիմակները
Էլ չեն կարող հրապուրուել
Օտար ո՛չ մի հրապոյրով,
Սիրոյ ո՛չ մի նոր խոստումով

Դու մի՛ հարցրու
Թէ արիւնս ինչու՞ լոկ քո՛ կանչն է լսում....

No comments: