Thursday, June 24, 2010

Վահան Զանոյեան: Հեռաւոր Սէր

Դու մի՛ զարմանայ—
ես ի սկզբանէ քե՛զ եմ որոնել
Օտար վայրերում,
Ամէն ծիծաղի եւ արցունքի մէջ,
Անհանդարտ հոգիս,
որպէս մութի մէջ խարխափող ստուեր՝
Քո հետքն է փնտռել...

Դու մի՛ զարմանայ—
վաղուց, վաղու՜ց, եմ ես քեզ յօրինել
Քեզմով ու միա՛յն
քեզմով եմ չափել ամէն ուրիշ սէր
Մտքիս մէջ գգուել,
Գուրգուրել անվերջ, մշակել եմ քեզ,
Ուռճացրել եմ քեզ...

Դե՛ռ մի զարմանայ՝
ամենասկզբից դու ի՛մն ես եղել
Երազանքներիս սեւեռումները
Միշտ քե՛զ են ուղղուել
Իրենց օթեւանն
այդ պլպլացող աչքերդ են եղել
Ես քո՛նն եմ եղել...

Ինչպէ՞ս մարմնացաւ
Երազանքներիս յօրինումն այդ հին
Եւ անժամանակ, համարձակօրէն, տասնամեակներ ուշ՝
Կանգնեց իմ առաջ...
եւ մի ժպիտով գերեց իմ հոգին,
Քմայքով անոյշ...

Ինչպէ՞ս հարթուեց
Ճամբան մեր միջեւ—ճամբան՝ որ չկար
Քո մտերմութեան ջերմ ապաւէնը
Որ տենչացել եմ
Երկար տարիներ,
Իմ մայրամուտին ո՞նց է յայտնուել
Ու ինձ կախարդել...

Մենք ե՞րբ կնքեցինք
ժամադրութիւնն այս—Ժամադրութիւ՞ն էր
Թէ ու՛ժն բազմամեայ
Իմ անլռելի ու յամառ կանչի
Մոլու՛ցքն անսփոփ եւ անմխիթար
Տասնամեակների անյագ տենչանքի...

Ու, ահա մօտս ես... 
Դէ՛, հիմա ասա՛, ո՞նց չսիրեմ քեզ...
Ո՞նց չգրկեմ քեզ,
Ո՞նց չյանձնուեմ ես քո դիւթանքին
Չէ՞ որ դու վաղու՜ց ի՛մն էիր արդէն, իմ տա՜ղն առաջին
Ո՞նց չբաղձամ քեզ...

Դու մի զարմանայ, որ ի սկզբանէ, ես քե՛զ եմ սիրել...



Հեռավոր սեր

Դու մի՛ զարմանա—
ես ի սկզբանե քե՛զ եմ որոնել
Օտար վայրերում,
Ամեն ծիծաղի ու արցունքի մեջ,
Անհանդարտ հոգիս,
որպէս մութի մեջ խարխափող ստվեր՝
Քո հետքն է փնտրել...

Դու մի՛ զարմանա—
վաղուց, վաղու՜ց եմ ես քեզ հորինել
Քեզնով ու միա՛յն
քեզնով եմ չափել ամեն ուրիշ սեր,
Մտքիս մեջ գգվել,
Գուրգուրել անվերջ, մշակել եմ քեզ,
Ուռճացրել եմ քեզ...

Դեռ մի' զարմանա՝
ամենասկզբից դու ի՛մն ես եղել
Երազանքներիս սևեռումները
Միշտ քե՛զ են ուղղվել
Իրենց օթևանն
այդ պլպլացող աչքերդ են եղել
Ես քո՛նն եմ եղել...

Ինչպե՞ս մարմնացավ
երազանքներիս հորինումն այդ հին
Եվ անժամանակ, համարձակորեն, տասնամյակներ ուշ՝
Կանգնեց իմ առաջ...
և մի ժպիտով գերեց իմ հոգին,
Քմայքով անուշ...           

Ինչպե՞ս հարթվեց
            Ճամփան մեր միչև—ճամփան՝ որ չկար
Քո մտերմության ջերմ ապավենը
Որ տենչացել եմ երկար տարիներ
Իմ մայրամուտին ո՞նց է հայտնվել
Ու ինձ կախարդել...

Մենք ե՞րբ կնքեցինք
ժամադրությունն այս—ժամադրությու՞ն էր
Թե ուժն բազմամյա
իմ անլռելի ու համառ կանչի,
Մոլու՛ցքն անսփոփ եւ անմխիթար
Տասնամյակների անհագ տենչանքի...

Ու, ահա մոտս ես... 
Դե՛, հիմա ասա՛, ո՞նց չսիրեմ քեզ...
Ո՞նց չգրկեմ քեզ,
Ո՞նց չհանձնվեմ ես քո դյութանքին.
Չէ՞ որ դու վաղու՜ց ի՛մն էիր արդեն, իմ տա՜ղն առաջին,
Ո՞նց չբաղձամ քեզ...

Դու մի զարմանա, որ ի սկզբանե ես քե՛զ եմ սիրել...

No comments: