Thursday, February 11, 2010

ԻԳՆԱ ՍԱՐԸԱՍԼԱՆ: ՄԵՆՔ ՅԱՒԵՐԺՈՒԹԵԱՆ ԾԱՌԸ ԵՂԱՆՔ


Portrait of the author is by Ara Guler. Used here by kind permission of Mr. Sariaslan.



Տառապանքներ - հալածանքներ - մահեր տեսանք
պատառ մը հացի սիրոյն
պուտ մը երջանկութեան համար պայքարեցանք
կարօտներ - առանձնութիւններ
սէրեր - անքուն գիշերներ
յուսախաբութիւններ տեսանք
դարերու հոսանքն ի վեր
դարերու հոսանքն ի վար նաւարկեցինք
փոթորիկները մեզ ճզմեցին ու անցան

պատերազմներ
նահատակներ
մարտիրոսներ տեսանք
ցուրտ հողը մեր տաք արցունքով թրջեցինք
արհաւիրք
կեղեքում
հեծկլտուք - թախիծ տեսանք
սեպ լեռներն ի վեր մագլցեցանք
մեր ապաւինած ժայռերը փուլ եկան
արիւնլուայ գլորեցանք

քաջասիրտ ռազմիկը - նազելաշուք Թամարը տեսանք
թմբուկին ձայնով գինովցանք
սրինգին շունչով վերացանք

խոցեր - կոծեր - բոցեր տեսանք
այրեցանք - փիւնիկ եղանք - վերակենդանացանք
արեւ եղանք -
մայրամուտին կարծեցին թէ մեռանք
արշալոյսով դարձեալ ծագեցանք

հնամենի վանք մը եղանք
ձիւնին տակ կորսուեցանք
ձիւնհալին դարձեալ ցոլացինք
անմահ երգ մը եղանք
կռունկի նման
ճախրեցինք հորիզոնԷ հորիզոն

մշտադալար ծառ մը եղանք
սրտին մէջ երկրագունտին
մեր արմատները մխրճեցինք
եւ աշխարհի չորս ծագերուն
ծիածանի եօթը գոյներով
ծաղկեցանք երակ - երակ

մենք յաւերժութեան ծառը եղանք


29.8.1979

No comments: