Saturday, July 18, 2009

Մարիա Յակոբեան։ [Սիրտս խոնաւ է այնպէս]

Սիրտս խոնաւ է այնպէս։
Անձրեւ է մաղում…
Մշոյ դաշտի ծաղիկներ,
Ձեզ ո՞վ է քաղում։

Ախ, դուք նորից արթնացել,
Բացուել էք հանդին
Եւ ձեր բուրմունքն էք հիւսում,
Եօթ սարից անդին։

Լացակումաց էք հիմա
Մօրս աչքի պէս,
Ինչպէս սրբեմ ձեր վճիտ
Արցունքը ես։

Ո՞ր զեփիւռն է ձեր կողքից
Անցնում երգելով,
Մօրս ջահել օրերի
Ոտնահետքերով։

Ո՞ւմ ճամփին էք դուք թափում,
Արցունքների պէս,
Մշոյ դաշտի ծաղիկներ,
Ձեր թերթերը հեզ։

Ո՞վ է այնպէս ծիծաղում
Ձեր լացի վրայ
Ձեր արցունքնեով լուանում
Ձեռքերն անլուայ։

Մշոյ դաշտի ծաղիկներ,
Ձեզ ո՞վ է քաղում։
Սիրտս խռով է այնպէս։
Անձրեւ է մաղում…


«Գեղարդ»
Ա. տարի
1975
Հալէպ Սուրիա

1 comment:

Armenian Poetry Project said...

* Մարիա Յակոբեանի ՛՛Սիրտս խոնաւ է այնպէս՝՝ բանաստեղծութեան վրայ ակնարկ մը.
՛՛Սիրտս խոնաւ է այնպէս՝՝ բանաստեղծութեան մէջ կայ ազգային կարօտ ու թախիծ, այնպէս
որ կամայ ու ակամայ կու տայ հոգեղէն թռիչք մեր մտքերուն, որի ռահվիրանը ինքն իսկ
բանաստեղծուհին է, իր անձնական հրաւերն է ուխտագնացութեան մը, որ մեզ պիտի տանի
դէպի պատմական Հայաստանի իր հարազատ Մշոյ դաշտերը՝ այցելութեան. Յատկապէս
անձնական շեշտումով մը հարց կու տայ՛՛Մշոյ դաշտի ծաղիկներ,Ձեզ ո՞վ է քաղում՝՝, բնաբանի
ներքեւ ՛՛Ո՞ր զեփիւռն է ձեր կողքից անցնում երգելով, Մօրս ջահել օրերի ոտնահետքերով:՝՝
վերի տաղերը սրտառուչ են:

Արցունք ու կարօտ կայ, հայերենասիրական անջնջելի մեծ յոյս ու կորով. Վերադարձի անհուն
կամք ՛՛Սիրտս խոնաւ է այնպէս՝՝ բացատրելի ու անբացատրելի անձկանօք մտածումներ
իր ներսիդին կը եռան, այնտեղ ՛՛Անձրեւ է մղում...՝՝ : Քաջատեղեակ է ներկայ քաղաքական
դրութեան, բայց եւ ըստ ամենայնի իր հոգեղէն թռիչքը չունի սահմանափակում. Ուստի իր
բանաստեղծութեան բարոյական խօսքի հեղինակութիւնը՝ կը գերազանցէ ամէն ինչ:
Մարիա Յակոբեանի ՛՛Սիրտս խոնաւ է այնպէս՝՝ բանաստեղծութիւնը ազգային յիշատակութեան
մեր բոլորին ուղղուած ոգեթախանձ հրաւերը՝ այն է, ուղեկցիլ իրեն հետ մեր պատմական
Հայաստանի ամենաշատ սիրուած հնավայրերէն մին Տարօնի գաւառը՝ կրկին քաղելու համար
՛՛Մշոյ դաշտի ծաղիկներ՝՝ը:
Յովհաննէս Ասպետ