Wednesday, May 07, 2008

Յարութ Կոստանդեան: Ամէն հովի դէմ

(Ամէն հովի դէմ՝ հոգին առագաստ՝
Եթէ կա՜յ հոգի:
Եթէ կա՛ն հովեր՝ հոգիս է պատրաստ:
Եթէ գա՛ն հովեր՝ կը մեկնիմ անդարձ.
-- Մնաս բարեաւ ոչ ոքի՛):

Ոսկեզօծ ու բոսոր տերեւներն անցա՛ն
Երեկոյեան հողմերի հետ ցրտագին.
Եւ ծառերը լերկ կմախքներ դարձած՝
Անհունօրէն մերկ ծառե՛ր են կրկին:
-- Ձիւնի տակ թաղուած որպէս հունտն անմեռ,
Ապագան այստեղ դեռ չունի՛ անուն՝
Կոչւում է ե՛ւ սէր ե՛ւ լոյս վարարուն.
Եւ արդ, սպասո՜ւմ եմ դեռ:

(Ամէն հովի դէմ՝ հոգին առագաստ՝
Եթէ կա՜յ հոգի:
Եթէ կա՛ն հովեր՝ հոգիս է պատրաստ:
Եթէ գա՛ն հովեր՝ կը մեկնիմ անդարձ.
-- Մնաս բարեաւ ոչ ոքի՛):

Յարութ Կոստանդեան (հեղինակին կողմէ սրբագրուած)

APP wishes to thank Harout Kosdantyan's family for providing scans of the corrected pages from the late poet's second volume, published at Beirut's Vahe Setian Press.

No comments: